Հարյուրավոր քաղաքացիներ օգոստոսի 4-ին ԱՄՆ քաղաքներում դուրս են եկել փողոց՝ իրենց բողոքը հայտնելով ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից էլեկտրոնային լրտեսության զանգվածային ծրագրի դեմ:

Ցույցերը տեղի են ունեցել «Վերականգնեք 4-րդը» կարգախոսով, նկատի ունենալով երկրի Սահմանադրության 4-րդ փոփոխությունը, որն արգելում է ամերիկացիների չհիմնավորված խուզարկությունները, ստուգումները եւ փաստաթղթերի առգրավումը:

Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել երկրի խոշոր քաղաքներում, այդ թվում Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում եւ Վաշինգթոնում: Նյու Յորքում ցույցին մասնակցել է 400 մարդ, որոնք պիկետ են կազմակերպել Մանհեթենում AT&T հեռահաղորդակցության ընկերության գրասենյակի դիմաց: Ցուցարարների խոսքով՝ այս ընկերությունն օգնել է իշխանություններին լրտեսություն իրականացնելու հարցում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հիշեցնենք, որ նման լրտեսական ծրագրի մասին տեղեկությունները տարածել է ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով օրերս ժամանակավոր ապաստան է ստացել Ռուսաստանում:

Լուրը, որ հատուկ ծառայությունները համացանցում լրտեսում են միլիոնավոր մարդկանց, մեծ արձագանք է առաջացրել ԱՄՆ-ում: Բարաք Օբաման ստիպված է եղել բացատրել, որ դա կատարվում է հնարավոր ահաբեկիչներին եւ նրանց աջակցողներին գտնելու նպատակով: