Ամերիկյան Լուիզիանա նահանգում, այսօր՝ օգոստոսի 5-ի գիշերը, ամերիկյան Լոթել քաղաքի մոտ քիմիկատներով բեռնված գնացքը ռելսերից դուրս է եկել: Շրջակա մոտ 100 շենքերի բնակիչները տարհանվել են:
Գնացքի 76 վագոններից առնվազն 26-ը դուրս են եկել ռելսերից: Լուիզիանայի նահանգապետ Բոբի Ջինդալը հայտնել է, որ որոշ վնասված ցիստեռններից քիմիկատների արտահոսք է սկսվել: Նա նաեւ ընդգծել է, որ վտանգավոր քիմիկատ (քլորիդ վինիլ) պարունակող վագոններն անվնաս են մնացել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ցիստեռններից նատրիումի հիդրոքսիդ է արտահոսել: Այդ նյութը կարող է ուժեղ այրվածքներ առաջացնել, եթե դիպչի մաշկին: Վթարի պահին գնացքում եղել են երկու մեքենավարներ, որոնք չեն տուժել:





























