Մարոկկոյի թագավոր Մոհամմեդ 4-րդը չեղյալ է հայտարարել սեփական որոշումը՝ կապված իսպանացի Դանիել Գալվանին ներելու հետ, ով 30 տարի ազատազրկման է դատապարտվել 11 երեխաների բռնաբարելու համար։
Ավելի վաղ Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս 1-ին խնդրանքը բավարարելով՝ միապետը ներում էր շնորհել Իսպանիայի 48 քաղաքացիների, որոնք գտնվում էին Մարոկկոյի բանտերում։ Նրանց մեծ մասը թմարավաճառության գործով էին մեղադրվում։ Հայտնի չէ, թե ինչպես է այդ ցուցակում հայտնվել 65-ամյա մանկապիղծի անունը։
Որոշումն ուղեկցվել է բնակիչների զանգվածային բողոքի ակցիաներով, որոնք պահանջել են կրկին ազատազրկել իսպանացուն։ Թագավորական վարչակազմի պաշտոնական հաղորդագրությունում ընդգծվում է, որ մարոկկացի միապետը «չի իմացել իր կողմից ներման արժանացածներից մեկի գործած հանցանքների ծանրության մասին։ Հակառակ դեպքում հանցագործը երբեք ազատ չէր արձակվի», հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
Այժմ Մարոկոյի եւ Իսպանիայի իշխանությունները քննարկում են համատեղ գործողությունները՝ կապված հանցագործի հետագա ճակատագրի հետ, որն արդեն հասցրել է վերադառնալ իր երկիր։ Առայժմ հայտնի չէ՝ նա արտահանձնվելու է, թե ոչ, փոխանցում է «ՌԲԿ»-ն։





























