Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովը քննարկում էր կազմակերպել ՀՀ սփյուռքի նախարարության՝ երիտասարդ առաջնորդների ամառային դպրոցի մասնակիցների հետ։
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, ներկայացնելով հանձնաժողովի նպատակը եւ գործառույթները, մասնավորապես` Երեւանի զարգացման գործընթացում ակտիվ երիտասարդների ներգրավումն ու բազմաբնույթ ծրագրերի իրականացումը, հանձնաժողովի նախագահ Սամվել Մերթարջյանն առաջարկել է սփյուռքահայ երիտասարդներին եւս հանդես գալ դիտարկումներով, առաջարկություններով։
Արտերկրում մշտապես բնակվող մեր հայրենակիցները նկատել են, որ, հաճախ այցելելով Երեւան, տարեցտարի նկատում են դրական փոփոխություններ, որոնք ակներեւ են հատկապես վերջին մի քանի տարիները համեմատելիս։
Ամառային դպրոցի մասնակից սփյուռքահայ երիտասարդների առաջարկություններում գերակշռել է իրենց բնակության քաղաքների տարբեր բնագավառներում փորձի օրինակները, մասնավորապես՝ այգի-պուրակների եւ համայնքային գույքի նկատմամբ հասարակական հսկողության, երթեւեկության եւ հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործում եւ այլն։
Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովը եւ շուրջ երկու տասնյակ երկրներից ժամանած ամառային դպրոցի մասնակիցները պայմանավորվել են մշտապես կապ պահպանելով՝ այսուհետ եւս կազմակերպել քննարկումներ տարբեր ձեւաչափերով։




























