ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հուսով է, որ Ռուսաստանը Սոչիում կայանալիք ձմեռային Օլիմպիադայի ընթացքում սիրալիր կերպով կընդունի ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարզիկներին՝ չնայած երկրում ընդունված «հակագեյական օրենքի»։

«Կարծում եմ՝ Ռուսաստանն ու Պուտինը հասկանում են, որ չնայած իրենց երկրում ընդունված օրենքի՝ այլ երկրներ չեն ցանկանա, որպեսզի իրենց՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարզիկներին այլ կերպ վերաբերվեն»,-ասել է ամերիկացի առաջնորդը՝ NBC հեռուստաալիքի The Tonight Show-ի հաղորդավարին։

 «Եթե Ռուսաստանը ցանկանում է պահպանել օլիմպիական ոգին, ապա պետք է գնահատվեն բացառապես մրցույթի արդյունքները, այլ ոչ թե մարզիկների սեռական կողմնորոշումը»,-ընդգծել է Օբաման։

USA Today-ը հիշեցնում է, որ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան՝ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն,  նշել էր, որ «հակագեյական օրենքը» գործելու է նաեւ Սոչիի Օլիմպիադայի ժամանակ։

Միեւնույն հարցազրույցում Օբաման շեշտել է նաեւ, որ հիասթափված է, որ Ռուսաստանը որոշել է ժամանակավոր կացարան տրամադրել ԿՀՎ նախկին աշխատակից էդվարդ Սնոուդենին։