Նորածին չինացին դեռ 2 շաբաթական էլ չէ, սակայն արդեն հասցրել է լինել 4 նահանգներում։ Տղային փաստացի մորից գողացել են ծննդատան բժիշկները։ Հետո նա ձեռքից ձեռք է անցել։ Վերջին գնորդին, ով ուներ 3 աղջիկ եւ երազում էր տղայի մասին, նա բաժին է հասել մոտ 10 հազար դոլարով։
Դեպքը տեղի է ունեցել Շենսի նահանգի ծննդատներից մեկում։ Հետաքննությունը պարզել է, որ այդ ծծնդատանը ծնողներին խաբելու պրակտիկան տարածված է։ Ծնողներին ասում են, որ երեխան ունի բնածին արատներ եւ համոզում հրաժարվել փոքրիկից։ Դրանից հետո նրանք պարզապես վաճառում են փոքրիկներին։
Ճիշտ նույն մեխանիզմով երեխայից հրաժարվել ստիպել են այս փոքրիկի ծնողներին, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
Ծնողները կռահել են, որ մեքենայության զոհ են դարձել միայն օրեր անց։ Ոստիկանությանը հաջողվել է հետեւել հանցագործության ամբողջ շղթային եւ ծնողներին վերադարձնել փոքրիկին։





























