Անգլիացի հայտնի գրող եւ դերասան Սթիվեն Ֆրայը կոչ է արել բոյկոտել Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերը։ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին, ՄՕԿ նախագահ Ժակ Ռոգգեին ուղղված բաց նամակում նա Ռուսաստանում տիրող իրավիճակը համեմատել է 1930-ականների Նացիստական Գերմանիայի հետ։

Ֆրայի խոսքով՝ հրեաների նկատմամբ Հիտլերի ու նացիստների հանցագործությունները չխանգարեցին ՄՕԿ-ին թույլ տալ, որպեսզի Օլիմպիական խաղերն անցկացվեն Գերմանիայում։ Դա ավելացրեց ֆյուրերի քաղաքական կշիռը։ Նա գտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույն հանցագործությունն է կատարում, միայն թե՝ նույնասեռականների նկատմամբ։

 «Ես գեյ եմ։ Ես հրեա եմ։ Իմ մայրը կորցրել է իր բազմաթիվ բարեկամների Գերմանիայի վարած հակահրեական քաղաքականության պատճառով»,-նրա խոսքը մեջբերում է «ՌԲԿ»-ն։ Երբ ամեն անգամ լսում է Ռուսաստանում նույնասեռականներին ծեծի ենթարկելու մասին, իրեն թվում է, թե պատմությունը կրկնվում է։