Գյուղատնտեսությունը կառավարության ծրագրային առաջնահերթություններից մեկն է, եւ ունենք մեծ ներուժ գյուղատնտեսության ոլորտում աճ ապահովելու համար: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 7-ին, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ /IFAD) հայաստանյան ծրագրի ղեկավար Մունիֆ Նուրալլահի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը կարեւորել է IFAD-ի հետ համագործակցությունը, մասնավորապես դիտարկելով այն որպես կարեւորագույն շարժիչ ուժ՝ գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումներն առաջ տանելու համար: 

Մ. Նուրալլահն անդրադարձել է հիմնադրամի կողմից իրականացրած եւ նախատեսվող ծրագրերին: Մասնավորապես,  քննարկվել են ՀՀ կառավարության կողմից Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամին ներկայացված  նոր ծրագրին առնչվող հարցեր: IFAD-ի  հայաստանյան ծրագրի ղեկավարը տեղեկացրել է, որ ԳԶՄՀ-ի պատվիրակության նախորդ այցելության ընթացքում  համապատասխան պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախապես քննարկվել եւ նախանշվել են նոր ծրագրի նախնական ուղղությունները: Հանդիպման ընթացքում  ներկայացվել  են  նաեւ ոլորտում առկա խնդիրներն ու ձեռք բերված հաջողությունները: