Մոսկվան հիասթափված է ԱՄՆ վարչակազմի որոշումից՝ սեպտեմբերի սկզբին նախանշված ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամայի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը չեղյալ հայտարարելու մասին: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ նկատելով, որ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հետ կապված իրավիճակը Մոսկվայի կողմից չի ստեղծվել:
«Մենք հիասթափված ենք ԱՄՆ վարչակազմի որոշումից: Ակնհայտ է, որ այդ որոշումը կապված է Սնոուդենի շուրջ ստեղծված իրավիճակի հետ»,- ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին հայտարարել էր, թե ԱՄՆ եւ ՌԴ նախագահների հանդիպումը չեղյալ է հայտարարվելու օրակարգում առաջընթացի բացակայության պատճառով: Սակայն Associated Press-ը, վկայակոչելով իր աղբյուրները, նշել էր, թե պատճառը Սնոուդենն է:




























