Հայաստանում պարենամթերքի վրա ծախսվում է ընտանեկան բյուջեի միջինը 56%-ը, իսկ, օրինակ, Նորվեգիայում այդ ցուցանիշը կազմում է 13,2%:
Այստեղ պետք է հաշվի առնել նաեւ հասարակության բեւեռացման գործոնը, որն արտացոլվում է տարբեր շերտերի ծախսերի տարբերությամբ: Բեւեռացումը ակնհայտ բնութագրում է հանրության ամենաաղքատների եւ ամենահարուստների տասը տոկոսի եկամուտների միջեւ հարաբերակցությունը:
Շվեդիայում, ինչպես նաեւ Ավստրիայում, Ֆինլանդիայում եւ մի շարք այլ երկրներում այդ ցուցանիշը համեմատաբար ցածր է` «հարուստների» եւ «աղքատների» եկամուտների միջեւ հարաբերկացությունը 4 անգամ է կազմում:
Իսկ ահա Հայաստանում այդ տարբերությունը 15 անգամ է: Հաշվի առնենք նաեւ, որ մեր իրական հարուստները, որպես կանոն, չեն մասնակցում բյուջետային հետազոտություններին: Այնպես որ եկամուտների իրական տարբերությունն ավելի բարձր է պաշտոնական ցուցանիշից:
Ավելացնենք, որ պարենամթերքի եւ սպառողական ծախսերի համար շվեդական միջին վիճակագրական ընտանիքը տրամադրում է իր եկամուտների 12,2%-ը:
Որքան բարձր է ընտանեկան բյուջեում սննդամթերքի մասնաբաժինը, այնքան ավելի դժվար է հաղթահարել գնաճը, քանի որ այս դեպքում ազատ ֆինանսսկան միջոցներ չկան, որոնց միջոցով հնարավոր լինի դա փոխհատուցել:
Հուլիսին արձանագրվել է սպառողական գների ինդեքսի 8,5% աճ: Եվրամիության երկրներում վերջին տարիներին գնաճը տատանվում է 3- 3,5%-ի շրջանակում, ինչը բնական երեւույթ է ժամանակակից տնտեսության մեջ:
2013թ. հունիսին եվրագոտում սպառողական գներն աճել են 1,6%-ով, ընդ որում աննդամթերքը, ալկոհոլն ու ծխախոտը 3,2%-ով, ծառայությունները` 1,4%-ով:
Մեզ մոտ սննդամթերքի գներն աճել են միջինը 10,3%-ով, «բնակարանային վարձ, վառելիք եւ էլեկտրաէներգիա» ապրանքախմբում` 12,1%-ով, բուժծառայության եւ դեղորայքի ապրանքախմբում` 12,9%-ով:
Շատերը նշում են, որ գների եւ մի շարք ապրանքների ու ծառայությունների սակագների մակարդակով մենք մոտեցել ենք եվրոպական ցուցանիշներին, որոշներով` անգամ գերազանցում ենք: Դրա պատճառը ինչպես տեղական ռեսուրսների անբավարարությունն է, այնպես էլ մի շարք ապրանքային շուկաներում մենաշնորհը:
Ալբերտ Խաչատրյան





























