Երեւանի քաղաքապետարանի «Երեւանյան ամառ» մեկամսյա ծրագրի հերթական միջոցառումը տեղի է ունեցել Մանկական երկաթուղում, որտեղ այսօր՝ օգոստոսի 8-ին, առավոտյան ժամը 10-ից մինչ երեկո բոլոր կարուսելները, ատրակցիոնները, ինչպես նաեւ երկաթուղին անվճար են եղել:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Կամո Մավսիսյանը այցելել են այգի, հետեւել միջացառման ընթացքին։

«Երեւանյան ամառը» հագեցած ծրագիր է՝ միտված Երեւանում մինչ այս պասիվ ամիս համարվող օգոստոսին երեւանցիների առօրյան առավել հետաքրքիր դարձնելուն։ «Երեւանյան ամառ» ծրագրով միջոցառումներ են նախատեսված նաեւ Ջրաշխարհում, Երեւանի հեծանվահրապարակում:

Այս օրերին հեծանիվների կանգառների բացում է նախատեսված, 4 թանգարաններ են ներգրավված ծրագրին: Ինչպես տեսնում եք՝ «Երեւանյան ամառը» թե՛ փոքրիկների, թե մեծահասակների համար ենք նախատեսել»,- նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը՝ հավելելով, որ օգոստոսի 15-ին մինչ ժամը 17։00-ն անվճար են գործելու նաեւ Հաղթանակ զբոսայգու կարուսելները։

Օգոստոսի 12-ը` երիտասարդության միջազգային օրը, ծրագրի շրջանակում եւս նշվելու է տոնական միջոցառումներով, մասնավորապես, Երեւանի կենտրոնում այդ օրը համերգային 4 հարթակներ են տեղադրված լինելու։

Ի դեպ, «Երեւանյան ամառ» ծրագրում ներառված թանգարանների անվճար այցելությունների համար տոմսակներ կարելի է ձեռք բերել Երեւանի մարդաշատ վայրերում։