Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեն համատեղ քայլեր են ձեռնարկում Ադրբեջանի տարածքում հայտնված հայ զինծառայողի նկատմամբ մարդու իրավունքների միջազգային չափանիշների եւ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով նախատեսված բոլոր երաշխիքներն ապահովելու եւ վերջինիս հնարավոր սեղմ ժամկետում հետ վերադարձնելու ուղղությամբ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:
ԿԽՄԿ երեւանյան գրասենյակից NEWS.am-ին հայտնել էին, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության ղեկավարը տեղեկացվել է պատանդ վերցված զինծառայողի մասին։ ԿԽՄԿ պատվիրակների եւ պատանդ վերցված զինվորի հանդիպման հնարավորության վերաբերյալ հարցին ի պատասխան պատվիրակությունում նշել են, որ Ադրբեջանում այսօր ոչ աշխատանքային օր է՝ կապված Ռամադան տոնի հետ։





























