Հայաստանում 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ կալանավորվածների եւ ազատազրկման վայրերում պատիժ կրող դատապարտյալների թիվը կազմել է 4780, կամ 92-ով ավել, քան 2012թ. հուլիսի 1-ի դրությամբ: Այդ մասին գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում հայտարարել է գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը՝ ամփոթելով առաջին կիսամյակի տվյալները:

Նրա խոսքով, 2013թ. առաջին կիսամյակի ընթացքում քրեակատարողական հիմնարկներից ազատվել է 834 անձ, որից 484-ը պատիժը լրիվ կրելու, 155-ը` պայմանական վաղաժամկետ կարգով, 5-ը` ներմամբ, 83-ը` խափանման միջոց կալանքը փոխելու, 102-ը` դատարանի դահլիճից, 4-ը` հիվանդության պատճառով: Տարբեր հիվանդություններից մահացել է 8 դատապարտյալ (2012թ. առաջին կիսամյակում 17-ը), որից 2-ը Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում (2012թ. առաջին կիսամյակում` 8-ը):

2013թ. հուլիսի 1-ի դրությամբ ազատազրկման վայրում են գտնվել 207 կին (2012թ. առաջին կիսամյակում` 195), որից 18-ը` սպանության, 8-ը` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 43-ը` խարդախության, 15-ը` կավատության, 16-ը` գողության, 26-ը` թմրամիջոց իրացնելու մեղադրանքով: Նույն ժամանակաընթացքում անազատության մեջ են գտնվել 27 անչափահաս (2012թ. առաջին կիսամյակում 33), որոնցից 3-ը` սպանության, 5-ը` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 11-ը` ավազակության, 4-ը` գողության մեղադրանքով:

Թամազյանը նշել է, թե ընդհանուր առմամբ 12 քրեակատարողական հիմնարկներում 2013թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարվել է 63 հանցագործություն 69 անձանց կողմից, այդ թվում` թմրամիջոցների եւ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության 38 դեպք, առողջությանը թեթեւ վնաս պատճառելու 4, ծեծի 5, խարդախության 3, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու 1 դեպք:

Հանցագործություն կատարած անձանցից 63-ը եղել են դատապարտյալներ, 6-ը` այլ անձինք: Հանցագործություն կատարած անձանցից 3-ը կանայք են:

Քրեակատարողական հիմնարկներում սպանության, դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքեր չեն արձանագրվել:

Փաստորեն, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված հանցագործությունների 35 դեպքի դիմաց 2013թ. 1-ին կիսամյակի ընթացքում գրանցվել են հանցագործությունների 63 դեպք, այսինքն դրանք աճել են 28-ով կամ 80%-ով, որոնց հիմնական մասը վերաբերում է թմրամիջոցների եւ հոգեներգործուն միջոցների ապօրինի շրջանառության դեպքերին:

Մասնավորապես, նախորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված 22 դեպքի դիմաց, 2013թ. 1-ին կիսամյակի ընթացքում գրանցվել է այդ բնույթի 38 դեպք, այսինքն դրանք աճել են 16-ով կամ 72,7 %-ով:

ՔԿՀ-ներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված դեպքերի աճը պայմանավորված է նաեւ քրեակատարողական հիմնարկների վարչակազմի, այլ իրավապահ մարմինների եւ դատախազության համատեղ, համագործակցված աշխատանքի արդյունավետությամբ:

Դեռեւս մեծ թիվ են կազմում ՔԿՀ-ներում շրջանառությունն արգելված իրերն ու առարկաները: Ռեժիմային միջոցոռումների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են 761 միավոր կտրող-ծակող գործիք, 1174 հատ բջջային հեռախոս: Ներքին կանոնակարգը խախտելու համար 525 դատապարտյալների նկատմամբ որպես տույժ է նշանակվել պատժախցում պահելը:

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեռեւս զգալի բացթողումներ եւ թերություններ կան այլընտրանքային պատիժների կատարման, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման, ուղղիչ հիմնարկի տեսակը որոշելու, այն փոփոխելու աշխատանքներում: Երբեմն ՔԿ հիմնարկները անտեսում են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու պայմանները, դրանց ներկայացման կարգով նախատեսված պահանջները, առանց հաշվի առնելու հանցավորի անձը, պատիժը կրելու ընթացքում դատապարտյալի դրսեւորած վարքագիծը, պատժի չկրած մասի չափը, անհիմն միջնորդություններով դիմում են համապատասխան հանձնաժողով եւ դատարան»,- նշել է Թամազյանն ու հավելել. «

Այդպիսի անհիմն միջնորդությունների զգալի մասը մերժվել է հանձնաժողովի կողմից, մի մասն էլ մերժվել է դատարանների կողմից` դատախազի միջնորդության հիման վրա, չնայած պայմանական վաղաժամկետ ազատված 155 դատապարտյալներից7-ը, այնուհանդերձ, կատարել են նոր հանցագործություններ:

Պատժի հետագա կրման նպատակով ինչպես 2012թ., այնպես էլ 2013թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ դատապարտյալներ չեն փոխանցվել, մինչդեռ 2013թ. առաջին կիսամյակի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ռուսաստանի Դաշնությանն են հանձնվել Հայաստանի Հանրապետությունում պատիժը կրող 4, իսկ Վրաստանի հանրապետությանը եւ Իսպանիայի թագավորությանը` 1-ական դատապարտյալներ: Ընդհանուր առմամբ 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվել են 143 օտարերկրյա քաղաքացիներ»: