NEWS.am-ի Լոռիի թղթակցին  նոր մանրամասներ են հայտնի դարձել նախօրեին Ստեփանավանում տեղի ունեցած սպանության մասին։ Մեր տեղեկություններով՝ սպանությունը տեղի է ունեցել պարտքի պատճառով:

Դեպքի օրը Դիանա Շատանովան նշելիս է եղել որդու 12-ամյակը: Երեկոյան արդեն Շատանովան եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Թաղամասի բնակիչների խոսքով՝ նա գումար էր պարտք Կարենին: Կարենի մայրն արտերկրից ապրանք էր ուղարկում Հայաստան, որը որդին վաճառում էր։ Շատանովան նրանից օծանելիք էր գնել, դեպքի օրը Կարենը գնացել էր գումարը վերցնելու:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը,  օգոստոսի 7-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության կանչով մեկնել են 1977 թ. ծնված Կարեն  Այվազյանին բուժօգնություն ցույց տալու, բայց նա մահացած է եղել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Աշոտաբերդ թաղամասի թիվ 5 շենքի 1-ին շքամուտքի դիմաց հայտնաբերել է Կարեն Այվազյանի դիակը` կրծքավանդակի մասում ծակած-կտրած վնասվածքով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը,  ժամը 23.30-ի սահմաններում, վերը նշված վայրում, վիճաբանության ժամանակ, 1982 թ. ծնված Դիանա Շատանովան դանակով հարվածել է Կարեն Այվազյանի կրծքավանդակին` պատճառելով մահ:

Դանակն առգրավված է:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ի մասով հարուցվել է քրեական գործ:

Դիանա Շատանովան այժմ ձերբակալված է, նրա 12-ամյա որդին մնացել է առանց խնամքի եւ չի բացառվում, որ նրան տեղափոխեն մանկատուն:

Կատարվում է նախաքննություն: