Հայաստանում 2013թ. առաջին կիսամյակում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների 593 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 575-ի դիմաց, այսինքն` դեպքերն աճել են 18-ով կամ 3,1%-ով: Այդ մասին գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում հայտարարել է գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը՝ ամփոփելով առաջին կիսամյակի տվյալները:
Նրա խոսքով, հաշվետու կիսամյակում գրանցվել է իրացման նպատակով թմրամիջոցի ապօրինի շրջանառության 312 դեպք` նախորդ տարվա առաջին կիսամյակի 271-ի դիմաց (իրացման դեպքերն աճել են 41-ով կամ 15,1%-ով): Առգրավվել են 12 կգ 470 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ (2012թ. 1-ին կիսամյակում 5 կգ 586 գրամ), այդ թվում` 5.5 կգ մարիխուանա, 1.2 կգ հաշիշ, 5.5 կգ ափիոն եւ այլն: Քրեական պատասխանատվության ենթարկված 272 անձանցից 59-ը դատապարտվել են իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար:
«Ինչպես նախկինում, այնպես էլ այս տարվա ընթացքում գլխավոր դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի անմիջական նախաձեռնությամբ բացահայտվել եւ առգրավվել են տարբեր խմբաքանակներով թմրամիջոցներ, հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր, որոնցով դատապարտվել են 42 անձինք: Պաշտոնական պարտակա-նությունները բաժնի աշխատակիցները կատարել են խիստ ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով: Քրեական գործերով իրականացվել է պատշաճ դատախազական հսկողություն, սահմանվել են համաչափ պատիժներ: Բաժինը համալրման կարիք ունի»,- նշել է Թամազյանը:





























