«Նոր Մոսկվա»-ում մահացու ելքով վթարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի փաստաբանն արձակուրդի մեջ է, սակայն նրան փոխարինում է ոչ պակաս փորձառու մի փաստաբան: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Հրաչյա Հարությունյանի փաստաբանը գործի նախաքննության կարեւոր պահի արձակուրդ է մեկնել, իսկ Հարությունյանն լեզվական խնդիրների պատճառով հայտնվել է ծանր կացության մեջ:
«Թեեւ փաստաբան Մարգարյանը կարճատեւ արձակուրդում է, սակայն նրա փոխարինում է փաստաբան Անիսկինը, ով ոչ պակաս պրոֆեսիոնալ փաստաբան է, եւ գործը նորմալ ընթացքի մեջ է: Ինչ վերաբերում է թարգմանության խնդրին, Ռուսաստանի Հայերի միության տրամադրած թարգմանիչը դեռ չունի ՆԳՎ-ի հավատարմագիր, սակայն նրա փոխարեն տրամադրվել է ՆԳՎ-ի կողմից հավատարմագրված թարգմանիչ, այնպես որ լեզվական առումով նույնպես խնդիրներ չկան»,- նշեցին դեսպանատանից, նաեւ վստահեցրին, որ դեսպանությունն ուշադիր հետեւում է գործի ընթացքին:
Հիշեցնենք, որ «Նոր Մոսկվայում» վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ»-ը մեծ արագությամբ բախվել է ուղեւորատար ավտոբուսին: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձել է խուսափել վթարից՝ կտրուկ կերպով կողք թեքելով ավտոմեքենան: Ողբերգական միջադեպի արդյունքում զոհվել է 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը դատարան էր տարվել կանացի ծաղկավոր խալաթով: Հարությունյանը Բոտկինի հիվանդանոցում էր, սակայն հետաքննության պահանջով՝ բժիշկները նրան դուրս էին բերել դեղորայքային քնից: Նրան առանց սափրվելու, հողաթափերով եւ կանացի խալաթով դատարան են բերել: Այդ փաստը հարուցել էր հայ հասարակության բուռն դժգոհությունը, եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ բողոքի ակցիաներ են կազմակերպվել: Նա Ռուսաստան էր մեկնել որդու շիրմաքարի համար գումար վաստակելու:
Ավելի ուշ Ռուսաստանի հայերի միությունը Հարությունյանին պաշտպանելու համար վարձել էր Ռուբեն Մարգարյանին եւ նրա խմբին:




























