ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կազմում գործող՝ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն վերջնական որոշմամբ արձանագրել է, որ Թեղուտի հանքավայրի շահագործմանն առնչվող վարչական որոշումները վիճարկող «Էկոդար» բնապահպանական ՀԿ-ի ներկայացրած դատական հայցը վարույթ չընդունելով Հայաստանի կառավարությունը խախտել է Օրհուսի կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ կետը: Այս մասին հաղորդում է Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը:

«Այսպիսով, Օրհուսի կոմիտեն վերահաստատել է Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության տեսակետը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումն առ այն, որ բնապահպանական հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններն իրավունք ունեն դիմելու դատարան՝ վիճարկելով վարչական մարմինների կայացրած շրջակա միջավայրին առնչվող որոշումները, գործողությունները կամ անգործությունը:

Միաժամանակ, Համապատասխանության կոմիտեն Հայաստանի կառավարությանն առաջարկել է փոփոխություններ մտցնել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում եւ Վարչական դատավարության օրենսգրքում՝ հստակորեն ամրագրելով հասարակական կազմակերպությունների՝ վարչական մարմինների գործողությունները դատական կարգով վիճարկելու իրավունքը, ինչպես նաեւ դատական աշխատողների հետ դասընթացներ անցկացնել, որպեսի վերջիններս ներպետական իրավական ակտերը մեկնաբանեն Օրհուսի կոնվենցիային համահունչ:

Համապատասխանության կոմիտեն նաեւ նշել է, որ հաշվի առնելով այն փաստը, որ Օրհուսի կոնվենցիայի Կողմ հանդիսացող երկրների հանդիպումը տեղի է ունենալու 2014 թվականի հունիս/հուլիս ամիսներին, Կոմիտեն Հայաստանի կառավարությանը խրախուսում է իրականացնել եւ ավարտին հասցնել Կոմիտեի առաջարկությունները մինչեւ Կողմերի հանդիպումը»,-նշված է նախաձեռնության հաղորդագրության մեջ: