Բուհերում ուսման բարձր վարձի պատճառով ուսանողները կոնֆլիկտներ են ունենում դասախոսների հետ: Այս մասին օգոստոսի 10-ին ասաց Հանրային խորհրդի երիտասարդության հարցերով ենթահանձնաժողովի անդամ Արման Ղազարյանը:

«Հայտնի է, որ շատ ուսանողներ աշխատում են, որպեսզի վճարեն ուսման վարձը: Սակայն աշխատել ողջ օրն ու միաժամանակ սովորել, շատ դժվար է: Այստեղից էլ առաջանում է վեճը դասախոսների հետ, որոնք առաջարկում են ընտրել կամ աշխատանքը կամ ուսումը: Սակայն եթե ուսանողը չաշխատի, նա չի էլ կարողանա վճարել: Ինքս նույն խնդիրն ունեցել եմ»,-ասաց Ա. Ղազարյանը:

Ենթահանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանի խոսքով` ակտիվիստները կշարունակեն հարցն ուշադրության կենտրոնում պահել, քանի դեռ այն ընդունելի լուծում չի գտել: «Դա կլինի կամ նախկին վարձերին վերադառնալու կամ անապահովների համար սոցփաթեթների համակարգի ընդլայնման միջոցով: Սակայն ուսման բոյկոտն անընդունելի է. ուսանողը բուհ է գալիս սովորելու համար»,-ընդգծեց նա: