ՀՀՇ-ն վերածնելու նախաձեռնող խումբը գրանցել է կուսակցությունը Արդարադատության նախարարության պետական ռեգիստրում եւ նախնական տեղեկություններով` սեպտեմբերի 14-ին, կկայանա կուսակցության համագումարը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀՇ վերածնելու նախաձեռնող խմբի անդամ Կարապետ Ռուբինյանը:

Նա նշեց, որ դեռեւս մայիսին էին դիմել Արդարադատության նախարարություն, եւ սեպտեմբերին պատրաստվում են համագումար անել: Թե որտեղ կլինի համագումարը, ինչ օրակարգով, դեռ որոշված չէ:

Հարցին, թե նախկին գործընկերների կողմից ինչ-որ քայլեր, արձագանքներ չեն եղել այս ընթացքում, Կարապետ Ռուբինյանը պատասխանեց` «միայն հիացական բացականչություններ»:

Հիշեցնենք, որ «Հայոց Համազգային Շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Վահագն Հայոցյանը հաղորդագրություն էր տարածել, որտեղ լրատվամիջոցներին խնդրում է «ՀՀՇ» անվանումը օգտագործել միայն իրենց ՀԿ-ի մասով: Հաղորդագրությունում ասվել էր, որ ՀՀՇ» անվանումը եւ ՀՀՇ խորհրդանշանը պատկանում են «Հայոց Համազգային Շարժում» հ/կ-ին եւ գրանցված են ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից 26.03.2013թ.-ին (գրանցման համար` 211.171.760952), առանց «ՀՀՇ» հ/կ-ի համաձայնության «ՀՀՇ» անվանումը եւ ՀՀՇ խորհրդանշանը օգտագործելը համարվում է «Կուսակցությունների մասին» եւ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների խախտում»:

Նշենք, որ ՀՀՇ-ի՝ ՀԱԿ կուսակցության մեջ մտնելուց հետո, նախկին ՀՀՇ-ականներ Ալեքսանդր Արզումանյանը, Արարատ Զուրաբյանը, Կարապետ Ռուբինյանը եւ Հովհաննես Իգիթյանը հայտարարել էին, որ մտադիր են վերածնել ՀՀՇ կուսակցությունը եւ գրանցել այն Արդարադատության նախարարությունում: Նրանք հայտարարել էին, որ մինչեւ աշուն կգրանցեն կուսակցությունը եւ համագումար կանցկացնեն: