Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպմանը Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի հարցը չի քննարկվի, քանի որ այն արդեն փակված է եւ կողմերի համար խնդիր չի ներկայացնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը` անդրադառնալով Ռուսաստանի նախագահի` օգոստոսի 13 –ին Բաքու կատարելիք այցին:
Նրա խոսքով` հայտնի չէ, թե հատկապես ինչ հարցեր են քննարկվելու երկկողմ հանդիպման ժամանակ եւ կողմերն ինչպես կշոշափեն Լեռնային Ղարաբաղի հարցը: Ի պատասխան այն հարցի, թե ինչու է ՌԴ նախագահն նախընտրել սկզբում այցելել Բաքու, այլ ոչ թե իր ռազմավարական դաշանկից Հայաստանի մայրաքաղաք, փորձագետը նշեց, որ ՌԴ նախագահի այցը Երեւան ծրագրվում է սեպտեմբերին: «Ռուսաստանի նախագահի այցերի հաջորդականությունը կարելի է տարբեր կերպով մեկնաբանել. կարելի է պնդել, որ դա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը կարեւոր է Ռուսաստանի համար, կամ որ, հակառակը, Հայաստանն է ավելի կարեւոր»,-եզրափակեց քաղաքագետը:



























