Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցիչները այսօրվա դրությամբ Ադրբեջանի ՊՆ-ի հետ բանակցություններ են տանում ղարաբաղա-ադրբեջանական սահմանն օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3.00-ի սահմաններում սխալմամբ հատած, 22-ամյա Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանի հետ առաջին հանդիպումը որոշելու շուրջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Երեւանյան պատվիրակությունից:
Կարմիր Խաչից նաեւ տեղեկացրեցին, որ հանդիպման օրվա մասին տեղեկություն չեն փոխանցելու: «Կարմիր Խաչը հաջորդ հայտարարությունը կանի այն ժամանակ, երբ արդեն հանդիպումը ավարտված լինի»,- փոխանցեցին Կարմիր Խաչից:
Նշենք, որ ԼՂՀ ՊՆ-ն դեպքից հետո հայտնել էր, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:




























