Սեպտեմբերի 14-ին կայանալիք Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին մասնակցելու համար այսօր` օգոստոսի 20-ին,  առաջադրման դիմում է ներկայացրել Փաստաբանների պալատի անդամ Կրոմվել Գրիգորյանը:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց  ՓՊ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ապետնակ Պողոսյանը:

Այսպիսով, ՓՊ նախագահի ընտրություններին մասնակցելու համար դիմել է 4 հոգի` փաստաբաններ Արա Զոհրաբյան, Աշոտ Թադեւոսյան, Տիգրան Աթանեսյան եւ Կրոմվել Գրիգորյան, ըստ որում` բացի Արա Զոհրաբյանից, մյուս երեքը ինքնառաջադրվել են:

Նշենք, որ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 14-ին: Լրատվամիջոցներում շրջանառվում էին հավանական թեկնածուների երկու անուն` փաստաբաններ Կրոմվել Գրիգորյանն ու ՓՊ փոխնախագահ Արա Զոհրաբյանը: Ավելի վաղ շրջանառվում էր նաեւ Հայկ Ալումյանի անունը, ով, սակայն, հայտարարել է, որ չի պատրաստվում թեկնածությունը դնել:

«Հրապարակը» գրել էր, որ փաստաբանների շրջանում համոզմունք կա, որ Արա Զոհրաբյանն անհամեմատ ավելի մեծ շանս ունի հաղթելու, քան Կրոմվել Գրիգորյանը: «Այս համոզմունքն ամրապնդվեց մարտին կայացած փաստաբանների խորհրդի ընտրություններից հետո, երբ պարզվեց, որ Կրոմվել Գրիգորյանին չհաջողվեց անգամ խորհրդի անդամ դառնալ»,- գրել էր թերթը: