ԱՄՆ-ում հրապարակվել են Սպիտակ տանը 1973թ. ապրիլից հուլիս ընկած ժամանակահատվածի ձայնագրությունները, որոնք Ուոթերգեյթի սկանդալից հետո որոշիչ դեր ունեցան Ռիչարդ Նիքսոնի հրաժարականի գործում: Ձայնագրվել է նաեւ Ձվաձեւ կաբինետում Նիքսոնի եւ գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնեւի գաղտնի զրույցը, հայտնում է  The Los Angeles Times-ը:

The Guardian-ի հրապարակած պատառիկներից դատելով` Նիքսոնի եւ Բրեժնեւի զրույցը ավելի շատ երկու բարեհամբույր հարեւանների մտերմիկ զրույց է հիշեցնում, քան ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի առաջնորդների զրույց Սառը պատերազմի տարիներին: Օրինակ, Բրեւժնեւը ամերիկացի քաղաքական գործչին ցույց է տալիս իր հատուկ փականով սիգարետատուփը, նշում է Inopressa.ru-ն` հրապարակելով  Los Angeles Times-ի հոդվածի թարգմանությունը: «Տեսնո՞ւմ եք իմ սիգարետատուփը: Այն ժամացուցային հատուկ մեխանիզմ ունի, ես չեմ կարող բացել մինչեւ ժամը լրանալը », - պատմում է Բրեժնեւը, գրում է NEWSru.com-ը:

«Դա հիանալի կարգուկանոն է հաստատում»,- ի պատասխան կատակում է Նիքսոնը:

Ի դեպ, քաղաքականությունից էլ են զրուցում: «Արդյոք պե՞տք է մեզ մեղադրել նրանում, որ մեծ ենք: Արդյոք պետ՞ք է մեզ մեղադրել նրանում, որ ուժեղ ենք,- հարցադրում է կատարում Բրեժնեւը: -Ոչ ԱՄՆ-ն, ոչ ԽՍՀՄ-ն երբեք Լյուքսեմբուրգ չեն դառնա, որի բանակը  78 ոստիկաններից է բաղկացած»: