Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը օգոստոսի 22-ին ընդունեց Հայաստանում Ֆիլիպինների նորանշանակ դեսպան Ալեխանդրո Մոսկերային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, շնորհավորելով դեսպան Մոսկերային նշանակման կապակցությամբ, նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Հարավ-Արեւելյան Ասիայի առաջատար պետություններից մեկը հանդիսացող Ֆիլիպինների Հանրապետության հետ հարաբերությունների զարգացումը: Արտգործնախարարը հավելեց, որ ջերմությամբ է հիշում անցած տարի Մանիլա կատարած իր պաշտոնական այցի ընթացքում նախագահ Բենիգնո Աքինո III-ի եւ արտգործնախարար Ալբերտ դել Ռոսարիոյի հետ հանդիպումները: Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանը ջանքեր կգործադրի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման՝ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առեւտրատնտեսական համագործակցության խթանման, մշակութային կապերի խորացման ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մոսկերան նշեց, որ չնայած երկրների միջեւ հեռավորությանը՝ նա առաքելության ընթացքում իր հնարավոր նպաստը կբերի հայ-ֆիլիպինյան փոխգործակցության ընդլայնման եւ խորացման գործին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների եւ միջազգային օրակարգի մի շարք հարցեր: