Բարսելոնայի իշխանությունները որոնում են Ռեմբրանտի, Էլ Գրեկոյի, Վելասկեսի, Բոտիչելիի եւ Գոյայի կտավները, որոնք կորել են բամբակի արդյունաբերող հանգուցյալ Խուլիո Մունյոս Ռամոնետի կալվածքից: Մունյոս Ռամոնետի ժառանգությունը երկար տարիներ դատական քաշքշուկների առարկա էր, եւ միայն հուլիսի 25-ին դատարանը կալվածքի բանալիները փոխանցել էր քաղաքային իշխանություններին:
Ինչպես պարզվում է, վիլլայում պետական պաշտոնյաները չեն հայտնաբերել նրա նկարների հավաքածուի մեծ մասը, ընդ որում անհետացել են առավել կարեւորները: Այս պահին իշխանությունները առկա կտավները համեմատում են տեղեկատուի հետ, եւ եթե կորստի վերաբերյալ նախնական տվյալները հաստատվեն, դրանք կփոխանցեն Կատալոնիայի գերագույն դատարան, հայտնում է Lenta.ru-ն:
Խուլիո Մունյոս Ռամոնետը, ով մահացել էր 1991թ.-ին Շվեյցարիայում, իր նկարներն եւ ունեցվածքի մի մասը կտակել էր Բարսելոնային: Այդ սեփականության տնօրինման համար քաղաքը, ինչպես նշվում էր կտակում, 1995թ.-ին հիմնել էր հատուկ հիմնդրամ: Միաժամանակ ժառանգության իրավունքի համար դիմել էին գործարարի 4 դուստրերը, ինչն էլ դատական քաշքշուկների հիմք էր ծառայել:




























