16 խաղաղ աֆղանցիների սպանության մեջ մեղադրվող ամերիկացի զինծառայող Ռոբերտ Բեյլսը ներողություն է խնդրել իր արարքի համար եւ այն անվանել «վախկոտություն»:
Դատարանում Բեյլսը պատմել է, որ Աֆղանստան իր գործուղումից առաջ հաճախ է կատաղության պոռթկումներ ունեցել: Նրա խոսքով` պոռթկումներ կարող էին առաջացնել ամենասովորական բաները, օրինակ` լվացարանում հավաքված կեղտոտ սպասքը:
Բեյլսը նաեւ նշել է, որ գործուղումից առաջ հոգեբանական օգնության կուրս է անցել, սակայն իրեն թվացել է, որ բուժումը չի օգնում, եւ ընդհատել է այն: Հենց իր այդ որոշումն էլ նա անվանել է «վախկոտություն»:
Բեյլսը համաձայնել է համագործակցել քննության հետ եւ իրեն մեղավոր ճանաչել աֆղանցիների սպանության մեջ: Դա նրան թույլ կտա խուսափել մահապատժից: Բեյլսի գործով դատավճիռը կկայացվի օգոստոսի 23-ին, հայտնում է lenta.ru-ն:
ԱՄՆ-ի բանակի ավագ սերժանտ 39-ամյա Ռոբերտ Բեյլսը մեղադրվում է 2012թ. մարտին գիշերը Աֆղանստանի Քանդահար նահանգի մոտ գտնվող երկու գյուղերի վրա հարձակվելու համար: Քննությունը պարզել էր, որ Բեյլսը ներխուժել էր տներ եւ կրակել քնած մարդկանց վրա: Նրա գործողությունների հետեւանքով զոհվել էր 16 մարդ` հիմնականում կանայք եւ երեխաներ:




























