ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենից ստացված տվյալներում տեղեկություններ կան Մերձավոր Արեւելքում Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական կայանի մասին: Նախագծի վերաբերյալ տեղեկատվությունն ամփոփված է 50 հազար փաստաթղթերում, որոնք Սնոուդենը ներբեռնել էր 2012թ.: 

Համացանցի դիտարկման խոշոր կենտրոնը զբաղվում է նամակները, հեռախոսազանգերը եւ վեբ թրաֆիքն արեւմտյան հատուկ ծառայությունների համար  որսալու եւ վերամշակելու գործով: Նախագծի բյուջեն 1 միլիարդ ֆունտ ստեռլինգ է, The Independent-ից մեջբերում է  կատարում gazeta.ru-ն:

Կայանը տեղեկությունն ստանում է ստորջրյա օպտիկամանրաթելային լարերից, որոնք անցնում են ողջ տարածաշրջանով:

Այնուհետեւ այդ տվյալները  վերամշակվում են եւ հանձնվում Չելթնեմի կառավարական կապի գրասենյակ եւ ԱՄՆ-ի ԱԱԳ:

Կառավարությունը պնդում է, որ կայանը ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր տարրն է եւ «նախնական տեղեկատվության» կենսականորեն կարեւոր գործառույթ է ապահովում`  ամբողջ աշխարհով հավանական հարձակումների վերաբերյալ: Կայանի գտնվելու հստակ վայրը չի հաղորդվում: