Մոսկվայում Տաջիկստանից եկած խումբ է ձերբակալվել, որի անդամները մասնագիտացել էին Վիետնամի եւ Չինաստանի բնակիչներին զինված կողոպուտի ենթարկելու գործում: Ոստիկանները վեց կասկածյալների են ձերբակալել, նրանցից չորսին` վերջին պահին` Դուշանբե մեկնող ինքնաթիռում:
Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ որպես կանոն կողոպտիչները զոհերին` վիետնամցի եւ չինացի առեւտրականներին, հետեւապնդում էին առեւտրատոնավաճառային համալիրների տարածքում:
Վերջին հարձակումն օգոստոսի 21-ին էր կատարվել. գողերը Վոլգոգրադյան մայրուղում BMW ավտոմեքենայով հարձակվել էին չինացի առեւտրականների մեքենայի վրա: Նրանք կոտրել էին «Մերսեդեսի» ապակիները եւ զենքի սպառնալիքով երկու պայուսակ առեւանգելով հեռացել:
Շուտով ոստիկանները բռնել են գողերից երկուսին, եւս չորսին բռնել են Դոմոդեդովոյի օդանավակայանում` Դուշանբե մեկնող ինքնաթիռում: Հանցագործներին բռնելու համար ներգրավել են ՕՄՈՆ-ականներին, հայտնում է Life News-ը: Ձերբակալվածների մեքենայում 16 մլն ռուբլի պարունակող պայուսակ են գտել:





























