Հյուսիսային Կորեան խնդրում է կասեցնել լեռնադահուկային սարքվորումների ներկրման համար կիրառվող պատժամիջոցները: Համապատասխան դիմումն ուղարկվել է ՄԱԿ-ին եւ միջազգային հանրությանը: Նախաձեռնության հեղինակը երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընն է: Նա դահուկասպորտով տարվել է Շվեյցարիայում ուսանելու տարիներին:

Փհենյանը հայտարարել է, որ ցանկանում է ոչ միայն դահուկասպորտի սարքավորումներ տեղադրել, այլեւ` գոլֆի ակումբների եւ ձիարշավարանների:

Նշված է նաեւ գումարը, որը երկիրը պատրաստ է վճարել լեռնադահուկային սարքավորումների համար` 7 մլն 200 հազար դոլար, հայտնում է ՌՍՆ-ն:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը բացատրում է, որ Փհենյանում «ոչ նորմալ» են համարում այն, որ մի շարք երկրներ արգելում են լեռնադահուկային համալիրի համար նախատեսված սարքավորումների մատակարարումները ԿԺԴՀ, քանի որ դրանք «հնարավոր չէ կիրառել հրթիռների եւ միջուկային զենքի արտադրությունում»: Ներկայումս հանրապետության արեւելքում արագացված տեմպերով  կառուցվում են լեռնադահուկային զբոսաշրջային համալիրի 20 կառույցներ: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շվեյցարիայի կառավարությունն արգելել էր լեռնադահուկային սարքավորումներ մատակարարել Հյուսիսային Կորեային`   դրանք ճոխություն համարելով:  Շվեյցարական Bartholet ընկերությունը պետք է ԿԺԴՀ հասցներ բոլոր անհրաժեշտ սարքավորումները: Սակայն Բեռնում վճռել են, որ պայմանագիրը հակասում է այս տարվա մարտին ՄԱԿ-ի կողմից հավանություն ստացած ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթին: