2013-2014 թվականների ուսումնական տարին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում պատշաճ ձեւով դիմավորելու նպատակով տարվել են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ: Այս մասին աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում է, թե Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է զեկուցել հանրակրթության վարչության պետը: «Նոր ուսումնական տարին բարձր մակարդակով դիմավորելու եւ այդ օրերին երեխաների անվտանգությունն ապահովելու համար պետք է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը: Այդ նպատակով մայրաքաղաքի փողոցներում, մասնավորապես՝ կրթօջախներին հարակից տարածքներում, ճանապարհային ոստիկանության հետ համատեղ սեպտեմբերի 1-ից 30-ը պետք է հատուկ հսկողություն սահմանենք»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը հանձնարարել է մինչեւ օգոստոսի 30-ն ապահովել տարրական դասարանների աշակերտների անվճար դասագրքերի բաշխումը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաեւ հանրակրթական դպրոցների բուժկետերը համալրել առաջին բուժօգնության անհրաժեշտ դեղորայքով եւ պարագաներով: Քաղաքապետի հանձնարարությամբ՝ կձեռնարկվեն քայլեր նաեւ դպրոցներում անխափան ջրամատակարարում եւ էլեկտրամատակարարում ապահովելու ուղղությամբ: Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներով ստացվող հեռախոսազանգերի արձագանքման ընթացքին անդրադառնալով` վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներում եւ վարչական շրջաններում համապատասխանաբար ստացվել են 206 եւ 108 հեռախոսազանգ: Դրանց զգալի մասին տրվել են սպառիչ պատասխաններ եւ համապատասխան լուծումներ, 83 հարցի պատասխանն էլ ընթացքի մեջ է:
Քաղաքացիների կողմից մայրաքաղաքի 2 դպրոցների եւ 1 մանկապարտեզի վերաբերյալ թեժ գծերով բարձրացված բողոքների հետ կապված՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է պատասխանատու անձանց օրենքով սահմանված կարգով ենթարկել պատասխանատվության: Գլխավոր պողոտայի` Սարյան փողոցի եւ Մաշտոցի պողոտայի, ինչպես նաեւ Նալբանդյան եւ Հանրապետություն փողոցների միջեւ ընկած հատվածների վերակառուցման, բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքների 2014 թվականի ծրագրերում ներառելու նպատակով ընթացքի մեջ է նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման գործընթացը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախագծում ներառել նաեւ քաղաքացիների առաջարկները:
Մայրաքաղաքում կառուցապատողների կողմից անձրեւատար խողովակներին հասցրած վնասները վերացնելու ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ կառուցապատողներին ուղարկվել են համապատասխան ծանուցումներ` սահմանված ժամկետում վնասները վերացնելու համար: Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում գործող գյուղմթերքների շուկաների սանիտարական վիճակի վերահսկման նպատակով 30 շուկաներում պարբերաբար կազմակերպվել են ստուգայցեր: Հայտնաբերված թերությունները տեղում շտկվել են:
2013 թվականին նախատեսվող 7 վերգետնյա հետիոտնային անցումների կառուցման աշխատանքների հետ կապված արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետը զեկուցել է, որ սահմանված ժամանակացույցով ընթացող աշխատանքների նկատմամբ ամենօրյա հսկողություն է իրականացվում: Զեկուցվել է նաեւ, որ անցումները կառուցվելու են նոր մոտեցմամբ:
Անդրադառնալով կենտրոնական ու երկրորդական, ինչպես նաեւ բակային տարածքների արտաքին լուսավորության ցանցի այրված լամպերը նորերով փոխարինելու աշխատանքներին, «Երքաղլույս» ՓԲԸ-ի տնօրենը զեկուցել է, որ գույքագրումից հետո 604 լամպ արդեն փոխվել է:





























