Հայկական դրամի արժեզրկման ներկայիս միտումների պահպանման պարագայում Հայաստանում ադամանդի մշակումը կարող է կրկին գրավիչ դառնալ արտասահմանյան վերամշակողների համար: Այդ մասին նշված է ադամանդագործության զարգացման ծրագրում, որը հուլիսի վերջերին հաստատվել է ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի նիստում:
Նշվել է, որ ադամանդի հումքի վերամշակումը եւ վաճառքը շարունակելու է մնալ խոշոր ադամանդագործական ընկերությունների (հիմնականում բելգիական եւ իսրայելական) վերահսկողության տակ: Այս ընկերություններն իրենց արտադրական հզորությունները տեղափոխում են այնտեղ, ուր առկա է էժան աշխատուժ: Մասնավորապես իսրայելական Yoshfe Diamonds International-ն ունի երկու գործարան Չինասատանում՝ ավելի քան 2,000 աշխատողով, բելգիական Eurostar-ն ունի գործարաններ Բոթսվանայում ու Չինաստանում: Հայաստանի ադամանդագործության ոլորտի ընդլայնումը պայմանավորված կլինի նոր գլոբալ ընկերությունների մուտքով:
Սակայն ադամանդի մշակման ծավալներն ուղղակիորեն կախված են ոսկերչական շուկայի զարգացումից, որն իր հերթին պայմանավորված է համաշխարհային տնտեսության զարգացման եւ Հնդկաստանում ու Չինաստանում միջին խավի աճի դինամիկայով: Այդ պատճառով ադամանդագործության զարգացումը պարունակում է որոշակի ռիսկեր:
Վերջին շրջանում ադամանդագործությունը տեղափոխվում է հարավասիական երկրներ: 2002-2011թթ. Չինաստանի տեսակարար կշիռը համաշխարհային ադամանդագործության մեջ 6%-ից հասել է 11%-ի: Չնայած Չինաստանն ու տարածաշրջանի մյուս երկրներն ունեն ծախսային առավելություններ, սակայն տեղական տարադրամի արժեւորումն ու աշխատավարձերի բարձրացումը աստիճանաբար չեզոքացնում են այն:
Բացի այդ՝ ադամանդ արդյունահանող երկրների օրենսդրությունը պահանջում է ադամանդի հումքի որոշակի մասը վերամշակել տեղում: Մասնավորապես՝ Ռուսաստանում գործող սահմանափակումները թույլ չեն տալիս տեղի ընկերություններին վերամշակման զգալի ծավալներ արտապատվիրել այլ երկրներ, այդ թվում Հայաստան: Ծրագրում կարեւորվել է Ռուսաստանի հետ երկարաժամկետ պայմանավորվածությունների ձեռք բերումը հումքի ապահովման տեսանկյունից:
Ծրագրում նշում կա այն մասին, որ չնայած արտոնյալ հարկային եւ մաքսային իրավական դաշտի առկայությանը՝ ադամանդ վերամշակողները Հայաստանում առնչվում են որոշ վարչարարական խոչընդոտների:
Ըստ երեւույթին նկատի է առնվել ավելացված արժեքի հարկի վերադարձը, քանի որ ոլորտն ազատված է այդ հարկատեսակից:
Նշենք, որ Հայաստանում ադամանդագործությունն իր գագաթնակետին է հասել 2002 թ.՝ 370 հազ. մշակված կարատ: Դրան նպաստել է ռուսական ALROSA-ի հետ 1997 թ. կնքած պայմանագիրը, որով Հայաստանը նպաստավոր պայմաններով հումք էր ստանում: 2002 թ. պայմանգիրը դադարում է գործել, ինչը մեծ վնաս է հասցնում ադամանդագործությանը: Ադամանդագործությունը անկում է ապրում մինչեւ 2009 թ.՝ տարեկան մշակման ծավալները իջնում են մինչեւ 50 հազ. կարատ: Դրամի արժեւորումը եւս հարվածում էր ոլորտին:
2010 թ. ոլորտում նկատվում է որոշակի աշխուժություն, սակայն արտադրանքի ծավալները դեռեւս չեն գերազանցում 100 հազ. կարատը: Դրան նպաստում է ALROSA-ի կողմից մատակարարումների մասնակի վերսկսումը, սակայն, մեր տեղեկություններով, պայմաններն այնքան էլ նպաստավոր չեն 1997 թ. պայմանագրի համեմատ:
Ըստ կառավարության ներկայացրած ծրագրի՝ ադամանդագործության աշխուժացմանը նպաստել է նաեւ դրամի արժեզրկումը եւ համաշխարհային շուկայի աշխուժացումը:
Եթե միջազգային շուկայում պայմաները բարենպաստ լինեն, լուծվի հումքի մատակարարման խնդիրը, ստեղծվեն ազատ տնտեսական գոտիներ, վարկավորման պայմանները բարենպաստ դառնան, ապա 2020 թ. կարելի է հասնել տարեկան մինչեւ 250 հազ. կարատ ադամանդի արտահանման մակարդակին:





























