Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Մեծապես կարեւորելով Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը՝ վարչապետը նշել է. «Մենք պետք է շարունակենք ջանքեր գործադրել՝ երկկողմ կապերի զարգացման եւ ընդլայնման համար: Դա բխում է մեր ժողովուրդների շահերից: Պետք է ստեղծենք ընդհանուր տարածք, որտեղ մեր ժողովուրդները կգործեն ազատ, կհամագործակցեն տարբեր ոլորտներում, ինչը կստեղծի տնտեսական կապերի խորացման մեծ հնարավորություններ»:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ առկա է երկկողմ փոխըմբռնում բոլոր հարցերում, ինչը հայ-վրացական եղբայրական փոխգործակցության զարգացման կարեւորագույն նախապայմաններից մեկն է:
Շնորհակալություն հայտնելով Տիգրան Սարգսյանին ընդունելության համար՝ Վրաստանի փոխվարչապետը նշել է, որ Վրաստանի իշխանությունները եւս շահագրգռված են Հայաստանի հետ փոխշահավետ ներդրումային ծրագրերի իրականացման, տարբեր ոլորտներում կապերն ավելի սերտացնելու գործում:
Այդ համատեքստում, ՀՀ վարչապետը եւ Գեորգի Կվիրիկաշվիլին քննարկել են տրանսպորտային հաղորդակցության, գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ մաքսային բնագավառներում համագործակցության խորացմանը, ինչպես նաեւ Երեւանի եւ Թբիլիսիի միջեւ ուղիղ ավիաչվերթերի վերականգնմանն առնչվող հարցեր:
Կողմերը կարեւորել են նաեւ հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստերի անցկացումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն անցկացնել մոտ ապագայում:





























