Կահիրեի Մադինաթ Նասր թաղամասում սկսվել է իսլամիստների զանգվածային երթը: Այնտեղից մարդիկ այժմ շարժվում են դեպի «Իթիհադիա» նախագահական պալատ:
Երթը, որին մասնակցում են տարբեր տարիքի մարդիկ, կանայք եւ երեխաներ, խաղաղ բնույթի է: Ցուցարարների ձեռքին դեղին թերթիկներ են, որոնց վրա ձեռքի ափեր են վեր պարզած չորս մատներով: Դա խորհրդանշում է «չորս» թիվը եւ հիշեցնում Կահիրեի կենտրոնի Ռաբի ալ Ադաուիա մզկիթի մոտի հրապարակի ցույցը ցրելու մասին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Այսօրվա ցույցը տեղի «Մահմեդական եղբայրները» անվանել են «օրինականության վերականգնման ուրբաթ»: Ըստ ստացվող տեղեկությունների՝ ակտիվիստներն այժմ հավաքվում են նաեւ Գիզա հրապարակում եւ Մուհանդիսին թաղամասում:
Իսլամիստները չեն թաքցնում, որ մտադիր են փողոց դուրս բերել առավելագույն թվով մարդկանց: Մեկ շաբաթ առաջ Կահիրեում նրանց ցույցը տապալվել էր, մասնակցում էր միայն մի քանի հարյուր մարդ: Նախատեսված 28 ցույցի փոխարեն «եղբայրները» քաղաքում կարողացել են միայն երեքն անցկացնել:





























