Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական կոմիտեն առայժմ պաշտոնական նամակ չի ստացել Կարմիր խաչի միջազգային կոմիտեից՝ կապված ռազմագերիներ Ֆիրուզ Ֆարաջաեւին եւ Հակոբ Ինջիղուլյանին իրենց հայրենիքներ վերադարձնելու հետ: Այս մասին SalamNews-ին հաղորդել է Պետական կոմիտեի քարտուղար Շահին Սաիլովը:

Հաշվի առնելով Սաիլովի հայտարարության անորոշությունը՝ NEWS.am-ը դիմել է ԿԽՄԿ երեւանյան պատվիրակությանը: Անհայտ պատճառներով այնտեղ դժվարացան մեկնաբանել, թե հենց ինչ նկատի ունի Սաիլովը՝ նամակների մասին խոսելով: Նույն պատճառով մեկնաբանությունից զերծ մնաց նաեւ Հայաստանի Ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական կոմիտեն:

Հնարավորություն չունենալով անմիջապես պետական կոմիտեի քարտուղարին հարցնելու, թե ինչ նա նկատի ունի, այնուամենայնիվ, ընդգծենք, որ ամենայն հավանականությամբ, խոսքը գերի վերցված զինվորների՝ հայրենիք վերադառնալու վերաբերյալ գրավոր հաստատման մասին է:

Ավելի վաղ ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել էին գերեվարված զինվորներ Հակոբ Ինջիղուլյանին ու Ֆիրուզ Ֆարաջաեւին: ԿԽՄԿ-ն չեզոք միջնորդ լինելով՝ գերու հետ կոնֆիդենցիալ զրույց է իրականացնում: Հետո գերու կամքը հաղորդում է կողմերին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Մեկ օր անց նրան Բաքու են տարել: ԿԽՄԿ ներկայացուցիչներն Ինջիղուլյանին հանդիպել են միայն 12 օր հետո:

2012թ. հուլիսի 26-ին առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում  Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում Ադրբեջանի բանակի զինվոր Ֆիրուզ Ֆարաջեւը հատել էր Հայաստանի սահմանը եւ հանձնվել:  Սահմանախախտը ձերբակալվել էր, քննություն էր սկսվել: Ադրբեջանցի զինվորի գերի ընկնելու մասին իսկույն հաղորդվել էր ԿԽՄԿ-ի երեւանյան պատվիրակությանը: Մինչեւ վերջերս նա հրաժարվում էր հայրենիք վերադառնալ: