Հայաստանի գլխավոր դատախազության շենքի մոտ այսօր՝ օգոստոսի 30-ին կայացել է Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած ավանդական ակցիան՝ ի պաշտպանություն Տիգրան Առաքելյանի եւ ՀԱԿ մյուս ակտիվիստների, ովքեր դատարանի վճռով ազատազրկման են դատապարտվել:

Ակցիայի մասնակիցները պաստառներ են պահել, վանկարկել են «Ազատություն»:

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն իր խոսքում անդրադարձել է քաղաքացիական պայքարին եւ նկատել, որ առաջ այցելել է Արաբկիրի ոստիկանության բաժին, ուր բերման էին ենթարկվել Կոմիտաս 5 շենքի մոտ ակցիային մասնակցող երկու տասնյակից ավելի ակտիվիստներ: «Ոստիկանությունը անցել էր բռնությունների, սեռական ոտնձգությունների: «Իմացանք, որ ակտիվիստներ են ծեծվել, Արգիշտի Կիվիրյանը եւ այլք: Մի հետաքրքիր բան տեսա, որ ցանկանում եմ կիսվել ձեզ հետ: Զարմանալի բան էր կատարվում, տեսա, թե ինչ լուրջ առճակատում կար շենքի առջեւ հավաքված մարդկանց եւ ոստիկանների միջեւ, մարդիկ ասում էին այն, ինչ մենք ասում ենք 2008թ. մարտի 1-ից սկսած «Սերժիկ հեռացիր», «Մի ծառայեք ավազակապետությանը»: Մի քանի ամիս առաջ մեզանից ոչ ոք չէր սպասի, որ քաղաքացիական շարժման ակտիվիստները նման կարգախոսներով եւ պահանջներով հանդես կգան»,- ասել է Զուրաբյանն ու հավելել. «Հայաստանում քաղաքական արատավոր համակարգի փոխելու միակ ձեւը Սերժ Սարգսյանից եւ հանրապետական կուսակցությունից ազատվելն է, եւ այսօր դրան է հանգում նաեւ քաղաքացիական շարժումը»:

ՀԱԿ մյուս փոխնախագահ Արամ Մանուկյանն էլ իր խոսքում անդրադարձել է արտաքին քաղաքականությանը՝ ասելով, թե վարչախումբը Ռուսաստանի հետ հարաբերություններում բաց չի խաղում, «ժուլիկություն է անում, փորձում է բոլորին ֆռռացնել: