Մոսկվայի հյուսիս-արեւելքում գտնվող ռեստորաններից մեկում Ղըրղըզստանի ավելի քան 20 քաղաքացու են ձերբակալել, որոնք էթնիկ հանցավոր խմբավորման անդամեր են: Նրանց մոտից առգրավել են սառը զենք ու մահակներ:

Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունում ճշտել են, որ քրեական հետախուզության աշխատակիցները Բոտանիչեսկայա փողոցի վրա գտնվող ռեստորաններից մեկում հատուկ գործողություն են իրականացրել, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Օպերատիվ տվյալներով, ռեստորանը Ղըրղըզստանի քաղաքացիների էթնիկ հանցավոր խմբավորման անդամների կենտրոնատեղի է եղել:

Ոստիկնության բաժանմունք բերման են ենթարկել 23 հոգու: Ձերբակալվածներից մատնահետքեր են վերցրել, որպեսզի պարզեն նրանց ինքնությունն ու ստուգեն նախկինում կատարված հանցագործությունների նրանց մասնակցության փաստը:

Ոստիկանությունում պարզաբանել են, որ ձերբակալվածների թվում կան ներգաղթողներ, որոնք ՌԴ տարածքում են գտնվում միգրացիոն օրենսդրությունը խախտելով: Այս պահին քննարկվում է Ռուսաստանից նրանց արտաքսման հարցը: