Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների առաջիկա հանդիպումը ավանդական է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը:

Նրա  խոսքով՝ նման հանդիպումն ուղղակի պետք է կայանա, որովհետեւ կողմերը  դաշնակիցներ են եւ հետխորհրդային այլ կազմակերպությունների անդամ պետություններ: Անդրադառնալով հնարավոր երկկողմ համաձայնություններին, Ալեքսանդր Խրամչիխինը նշել է, որ այդ առնչությամբ որեւէ տեղեկություն չունի: «Այդ մասին սկզբունքային որեւէ բան հայտնի չէ: Ամենայն հավանականությամբ, սա անցումային-արարողակարգային  այցելություն է»,- նշել է քաղաքագետը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բանակցությունների ընթացքում նախատեսվում է երկկողմ օրակարգի հիմնական հարցերի շուրջ մտքերի փոխանակում, ներառյալ` քաղաքական, առեւտրատնտեսական, էներգետիկ եւ հումանիտար ոլորտներում փոխգործակցությունը: Նախատեսվում է նաեւ ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների եւ Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության ապահովմանը վերաբերող հարցերի քննարկում: