Պետկան մարմինները չեն արձագանքել «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման պահանջներին: Շարժման նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հիմնավորվում է «Ծածկած շուկա» հուշարձանի տարածքում կատարվող ապօրինի շինարարության դադարեցման անհրաժեշտությունը։

«Հայտարարությունից հետո անցած երկու օրվա ընթացքում նախաձեռնող խումբը տվել է մամուլի երկու ասուլիս եւ զանգվածային լրատվամիջոցների միջոցով հասարակությանն ու պատկան մարմիններին տեղյակ է պահել շարժման մասին: Ցավով պետք է արձանագրենք, որ պատկան մարմինները ինչպես անցյալում, այնպես էլ շարժման մասին հայտարարելուց հետո բարբարոսությունը կասեցնելու որեւէ քայլ չձեռնարկեցին: 

Պետության անգործության պայմաններում հուշարձանի հետագա փչացումը կանխելու նպատակով  շարժումը ս.թ. օգոստոսի 31-ի  ժամը 14.00- ից  սկսում է դրա տարածքում հասարակության ուժերով ապօրինի շինարարական եւ տնտեսական գործունեության կասեցման գործողությունը:

Միեւնույն ժամանակ` նախաձեռնող խումբը, աչքի առաջ ունենալով հուշարձանի սեփականատեր օլիգարխի կողմից օրենքը եւ պետական մարմիններին անտեսելու բազմաթիվ դեպքերը, մտավախություն ունի, որ շարժման ակցիաների մասնակիցների նկատմամբ կարող են լինել սադրանքներ:

Վերոհիշյալի հաշվառմամբ` Ոստիկանությունից պահանջում ենք ապահովել «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման ակցիաների մասնակիցների անվտանգությունը»,- ասվում է հայտարարության մեջ: