Սիրիայում Հայաստանի դեսպանատունը, որը գտնվում է Դամասկոսում, եւ Հալեպի հյուպատոսարանը շարունակում են իրենց աշխատանքը: Այս պահին դիվանագիտական ներկայացուցչությունների տարհանման հարց դրված չէ, NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նրա խոսքով՝ այս պահին Հայաստանի ԱԳՆ-ն քայլեր է ձեռնարկում սիրիահայերի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու եւ Սիրիայում հայկական մշակութային-պատմական ժառանգությունը պահպանելու համար:
Նշենք, որ Սիրիայում ընդհանուր առմամբ, նախքան արյունահեղությունների սկսվելը, ապրում էր 60-70 հազար հայ: Նրանց կեսից ավելին բնակվում էին Հալեպում, իսկ մյուս կեսը`Լաթակիայում, Հոմսում, Քամիշլիում, Հասակայում, Յակուբիեում, Ռաքքայում, Քեսաբում եւ, իհարկե, մայրաքաղաք Դամասկոսում:





























