Կոմիտաս 5-ում շինարարության դեմ պայքարող, «Նախախորհրդարանի» անդամ Դմիտրի Հարությունյանի ընտանիքը  հարձակման թիրախ է դարձել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանից:

Նա նշել է, որ քիչ առաջ ահազանգ է ստացել «Նախախորհրդարանի» անդամ Սյուզան Սիմոնյանից, վերջինս մեքենայով հասել է Ճամբարակ, որտեղից վերցրել է Կոմիտասի 5-ի գործով Արտանիշ գյուղում այսօր առավոտյան ձեռբակալված  Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանի կնոջը` Ելենա Կոժեմյակինային եւ նրանց 2-ամյա երեխային եւ բերում է նրանց երկուսին Երեւան: «Ելենայի վկայությամբ, ողջ գիշեր Հրաչյա Միրզոյանի տունը Արտանիշում, ուր նրանց ընտանիքը հանգստանում էր վերջին օրերին, հարձակման թիրախ եր դարձել քաղաքացիական զգեստով մի խումբ մարդկանց կողմից, ովքեր պնդում էին, որ ոստիկան են ու հրաժարվում էին ներկայացնել վկայականներ ու ձերբակալման մասին որեւե ծանուցագիր: Ելենան, լինելով Սլավոնական համալսարանի իրավաբանական բաժնի ուսանողուհի, հրաժարվում էր տան դռները բացել առանց օրինական փաստաթղթերի եւ հայտնեց, որ նկարահանում է կատարվածը տեսախցիկով: Հարձակվողները էլ ավելի սաստկացրել էին գրոհը, որի ընթացքում նրանցից մեկը փորձեց մտնել պատուհանից, իսկ մնացածները ջարդում էին դուռը: Դմիտրիի ու Ելենայի 2ամյա երեխան վախից ու անքնությունից ծանր վիճակում է, նա ընկել էր, փորձելով փախչել, երբ ծնողները բանակցություններ էին վարում: Ելենայի վկայությամբ, հարձակվողները ձգտում էին ֆիզիկական վնասվածքներ հասցնել Դմիտրիին, որպեսզի հայտնեն նրա դիմադրության մասին, սակայն աղջկա գրագետ ու սառնասիրտ գործողությունների արդյունքում նահանջեցին ու միայն դրսից հայհոյանքներով ու սպառնալիքներով էին ահաբեկում երիտասարդ զույգին մինչեւ առավոտ: Առավոտյան նույն մարդիկ ներկայացան արդեն ոստիկանական զգեստով եւ ծանուցագրով, որից հետո Դմիտրին դուրս եկավ տնից»,- նշել է Տիգրան Խզմալյանը:

Կինոռեժիսորը նաեւ հայտնել է, որ այժմ Դմիտրիին Ճամբարակից տեղափոխում են Արաբկիրի ոստիկանական բաժին:  Նրանք խնդրում են բոլորին, ով կարող է, գալ Արաբկիրի բաժին` սատարելու եւ անվտանգությունն ապահովելու համար: