Քիչ առաջ ոստիկանները «Ծածկած շուկայի» մոտից ոստիկանական մեքենայով բերման են ենթարկել ակտիվիստ Արեն Մանուկյանին եւ շուկայի նախկին աշխատակից ներկայացող կանանցից մեկին։ Վերջինը, ակցիայի սկզբից, ականատեսների խոսքով, դրսեւորել է հիստերիկ պահվածք, գոռգոռացել է ու հրմշտոց է հրահրել ակտիվիստների հետ։
Ծածկած շուկայի կառուցապատման դեմ պայքարող ակտիվիստ Էդուարդ Գյոզալյանը NEWS.am-ի թղթակցին ասել է, որ շուկայի տարածքում հավաքված, շուկայի նախկին աշխատակիցներ ներկայացող կանայք իրականում «Մալաթիա» տոնավաճառի այն նույն կանայք են, որոնց ժամանակին Սամվել Ալեքսանյանն օգտագործում էր ընտրությունների ժամանակ։
«Չեմ հավատում, որ նորմալ հայը կարող է գալ ու պաշտպանել նրան»,- ասել է ակտիվիստը։ Նա նաեւ ասել է, որ չի հավատում պնդումներին, թե այս տարածքը վերաբացվելու է որպես գյուղմթերքի շուկա։
Այս պահին շուկայի մոտ կրկին իրավիճակը լարված է։ Շուկայի նախկին աշխատողներ ներկայացող կանայք պարբերաբար բախումներ են սադրում ակտիվիստների հետ։
Քիչ առաջ բերման է ենթարկվել նաեւ Նախախորհրդարանի անդամ, իրավաբան Կարո Եղնուկյանը:




























