Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարություն է տարածել «Ինֆո-9» տեղեկատվական գործակալության առնչությամբ: Ինչպես ասվում է հայտրարության մեջ, վարչապետն ու նրա ընտանիքը ընդառաջել են գործակալության ղեկավարության խնդրանքը եւ որոշել են նրա աշխատակիցներին ոչ նյութական ունեցվածք թողնել՝ ապրանքանիշը, «Ինֆո-9» անվանումը, վեբ-կայքը եւ արխիվից օգտվելու իրավունքը:
Ինչ վերաբերում է սարքավորումների մի մասը մարման իրավունքով գործակալությանը ապառիկ փոխանցելու հարցին, ինչի մասին խնդրել է գործակալության զեկավարությունը, Իվանիշվիլին որոշել է սկզբնական փուլում նրանց գործունեության համար անհրաժեշտ ողջ սարքավորումները նվիրել, հաղորդում է «Ինտերպրեսնյուսը»:
«Տեղեկատվական «Ինֆո-9» գործակալության աշխատակիցները քաղաքացիական արիություն ցուցաբերեցին խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Նրանք այն մարդիկ են, որոնք տեսախցիկները ձեռքին դիմակայեցին հատուկ խմբավորումներին: Յուրաքանչյուր կադրի ձեռքբերման համար նրանք փորձություններ էին հաղթահարում, հասարակությանը ներկայացնում էին միանգամայն ինքնատիպ կադրեր: Մենք բոլորս գնահատում ենք նրանց նվիրված ու ինքնամոռաց աշխատանքը: Եւ այսօր չեմ կարող հաշվի չառնել աշխատանքը շարունակելու նրանց ցանկությունը»,- ասվում է Վրաստանի վարչապետի հայտարարության մեջ:





























