Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին իր միկրոբլոգում ներողություն է խնդրել Կանտի, Գյոթեի եւ Պուանկարեի ասույթները իր անվան տակ դնելու համար: Ըստ նրա` ուրիշների ասույթներն իր անվան տակ հրապարակել են համալսարանի մամուլի ծառայության աշխատակիցները:
«Ցավում եմ, որ էջի ստեղծման առաջին իսկ օրերին ՄՊՀ մամուլի ծառայության աշխատակիցների կողմից գրառումները կատարելիս տեխնիկական սխալ է տեղի ունեցել», — հայտարարել է ռեկտորը: Սադովնիչին չի հստակեցրել, թե աշխատակիցների համար ինչ հետեւանքներ կունենա այդ սխալը:
Ռեկտորը նաեւ նշել է, որ իրեն ուրախացրել է իր էջի հանդեպ օգտվողների մեծ հետաքրքրվածությունը եւ խոստացել հաճախ գրառումներ թողնել, հայտնում է lenta.ru-ն:
Սադովնիչիի թվիթերյան էջի հետ կապված սկանդալ էր ծագել օգոստոսի 13-ին`Twitter-ում գրանցվելու հենց առաջին օրը: Էջում հայտնվել էին տարբեր ժամանակների հայտնի գործիչների ասույթներ, սակայն հեղինակները չէին նշվել, ինչից կարելի էր ենթադրել, որ դրանք Վիկտոր Սադովնիչիի խոսքերն են, հայտնում է ՆՏՎ-ն:





























