Ռուսական կողմը կփորձի անել հնարավորը, որպեսզի Երեւանին համոզի չնախաստորագրել Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին պայմանագիրը եւ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագիրը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը` անդրադառնալով Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարելիք այցին:
Ըստ նրա` Մոսկվան վերջերս բավական անզուսպ է Եվրամիության եւ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի միջեւ Ասոցացման մասին համաձայնագրերի հարցում:
«Մոսկվան կաշխատի ԵՄ-ի «Արեւելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթաժողովը տապալելու ուղղությամբ: Իհարկե, Հայաստանի համար կործանարար կլինի, եթե նախագահը որոշի հրաժարվել ԵՄ-ի հետ փաստաթղթերի նախաստորագրումից, քանի որ դա բնավ մեր պետության շահերից չի բխում», - նշեց Ստեփան Սաֆարյանը` տեսակետ հայտնելով, որ նախագահների հանդիպման ընթացքում կքննարկվի հենց այս թեման: Նա նաեւ հավելեց, որ Մոսկվան չի կարող տալ Հայաստանին այն, ինչը կարող է փոխարինել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրին:
ԼՂՀ-ի առնչությամբ Ստեփան Սաֆարյանը հայտարարեց. «Իհարկե, Մոսկվան կարող է Երեւանի համար վտանգավոր լինել, սակայն դրանով Մոսկվան ինքն իր համար վտանգ կստեղծի: Հետեւաբար, ամենաճիշտը կլինի այն, որ ռուսական կողմն ընդհանրապես չշոշափի Երեւանի այդ «զգայուն նյարդը»»:
Նշենք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 3-ին: Այցի օրակարգում նախատեսվում է երկկողմ օրակարգի հարցերի շուրջ կարծիքների փոխանակում, այդ թվում` քաղաքական, առեւտրատնտեսական, էներգետիկական եւ հումանիտար ոլորտներին առնչվող:





























