Հայտնի գործարար 49-ամյա Ռուբեն Գալուստյանը («Բենզին Ռուբո» մականվամբ) հերքում է, որ ինքը եւ իր թիկնապահները բերման են ենթարկվել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, նա, անդրադառնալով իր բերման ենթարկվելուն, ասաց. «Ես տեղյակ չեմ»: Դիտարկմանը, թե առկա են լուսանկաներ եւ տեսանյութ, նա նշեց, որ «չի տեսել, մի հատ կնայի»:

Հարցին, թե եղել է արդյոք ոստիկանությունում, նա արագ-արագ ասաց՝ «չէ, չէ, չէ» եւ անմիջապես անջատեց հեռախոսը` պատճառաբանելով, թե զբաղված է: Ավելի ուշ եւս փորձեցինք նրա հետ կապ հաստատել, որպեսզի տեղեկանանք` հասցրել է տեսնել իր` բերման ենթարկվելու տեսանյութը եւ լուսանկարները, սակայն նա արդեն չէր պատասխանում  հեռախոսազանգերին:

Հիշեցնենք, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից  օգոստոսի 30-ին, Երեւան քաղաքի վարչություն են բերման ենթարկվել հայտնի գործարար Բենզին Ռուբո մականվամբ 49-ամյա Ռուբեն Գալուստյանը եւ նրա թիկնազորի 3 անդամները: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Shamshyan.com -ը հայտնում է, թե նրա հետ բերման են ենթարկվել 38-ամյա Սամվել Թեւոսյանը, 27-ամյա Արա Ասատրյանը եւ 41-ամյա Նորայր Առաքելյանը: Ռ. Գալուստյանը եղել է Mercedes մակնիշի 001 ԼT 01 համարանիշի ավտոմեքենայով, իսկ նրան ուղեկցող թիկնապահները՝ Range Rover մանկիշի 888 ՍԼ 88 համարանիշի ավտոմեքենայով: Վերջիններս Երեւան քաղաքի կենտրոնական մի քանի փողոցներում չարամտորեն խախտել են ճանապարհային երթեւեկության կանոնները այնքան ժամանակ, մինչեւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները Տիգրան Մեծի պողոտայից նրանց բերման են ենթարկել: