Օգոստոսի 31-ին «Ծածկած շուկայի» մոտ հավաքված, որպես շուկայի նախկին աշխատողներ ներկայացող կանայք շուկայի կառուցապատման դեմ պայքարող ակտիվիստների հետ բախումներ հրահրելու համար միջոցներ չէին խնայում։ Մասնավորապես, ակտիվիստներին միացած սփյուռքահայերի վրա փորձում էին ազդել՝ հայտարարելով, թե «սա մեր երկիրն է, ձեր ինչ գործն է», եւ պահանջում, որ «արևմտահայերեն խոսող մարդիկ» հեռանան շուկայի տարածքից։

Շուկայի նախկին աշխատակից ներկայացած կանանցից մեկը, մոտենալով սփյուռքահայ լրագրող Սեդա Մավյանին, սկսեց վիրավորել նրան։ Մեջբերում ենք նրանց վեճից.

- Գնացեք ձեր երկրները, եկել եք էստեղ, որ ինչ անեք։

- Իսկ դուք Լֆիկին եք պաշտպանում։

- Դու ո՞վ ես, որ Սամվել Ալեքսանյանի նման մարդուն ԼՖիկ ես ասում։ Ավելի լավա գնաս թուրքի տակ պառկես...

Շուտով մյուս կանայք նույնպես միացան վեճին ու սկսեցին վիրավորել ու անպատվել Սեդա Մավյանին, որը հանգիստ եւ զուսպ պատասխանում էր նրանց հայհոյանքներին։

Վեճին միջամտեց Երեւանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանը, ով Մավյանին հրավիրեց ոստիկանական բաժանմունք՝ իրեն հասցրած վիրավորանքի մասին հաղորդում տալու։ Ֆրանսահայ հայտնի լրագրողը հրաժարվեց գնալ ոստիկանություն և միացավ ակցիայի մասնակիցներին։

«Ես պարզապես ընկերներիս հետ զրուցում էի, երբ այդ կանայք լսեցին իմ շեշտադրությունն ու սկսեցին ինձ վիրավորել։ Արդեն կանոնավոր են դարձել նման երևույթները, երբ հայաստանցիներն առանձնացնում են ֆրանսահայ, պարսկահայ և սիրիահայ։ Դրա համար էլ ես ոստիկանին ասացի, որ սրա դեմ պետք է պայքարել, թույլ չտալ հայի հետ իր երկրի մեջ նման կերպ վերաբերվել։  Ես լրագրող եմ, բայց ես նաև քաղաքացի եմ, որը պահանջում է պահպանել իր երկրի հուշարձանները։ Դրա համար էլ այստեղ եմ։ Եթե հաշվենք, ապա ամենաշատը 10 նման կառույց ունենք։ Պետք է պահպանել սրանք և չվերածել սուպերմարկետների»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց լրագրողը։

Նշենք, որ այսօր ակցիայի մասնակիցների թվում մեծ թիվ էին կազմում սփյուռքահայերը։ Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 31-ին, «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժումը նախաձեռնել էր ակցիա՝ պահանջելով դադարեցնել «Ծածկած շուկայի» տարածքում կատարվող շինարարությունը եւ կառույցը վերադարձնել նախկին տեսքին։