Տնտեսական զարգացումները Լեռնային Ղարաբաղում պետք է լինեն առաջանցիկ, քանի որ ակնհայտ է, որ այսօր Լեռնային Ղարաբաղում է որոշվում մեր ազգի ապագան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մեր հաղթանակները պետք է ամրապնդվեն տնտեսական ոլորտում»,- ասել է նա:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հերթական տարեդարձի խորհրդի մասին` վարչապետը նշել է. «Դա ոչ միայն ԼՂՀ-ի, այլև ողջ հայության տոնն է, որովհետև մենք 21-րդ դարում հպարտությամբ նայում ենք դեպի ապագան` տոնելով մեծ հաղթանակ, որն արձանագրեցինք` հռչակելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, օգոստոսի 31-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին:

































