Etel նավը սեպտեմբերի 1-ին անարգել լքել է Բենգազիի նավահանգիստը եւ ուղեւորվել Կիպրոս, հայտնել է Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան: 

«Նավում կան 19 ուկրաինացի նավաստի: Կիպրոսում նախատեսվում է  նավի անձնկազմի փոխարինում», - նախարարի խոսքերն է մեջբերում Ուկրաինայի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը: Ըստ տեղեկության` Etel նավի անձնակազմի ազատության  հարցը վերջնականապես լուծվել է: 

Իր հերթին Ուկրաինայի փոխվարչապետ Կոնստանտին Գրիշենկոյի մամուլի քարտուղար Ալեքսանդր Դիկուսարովը հայտնել է, որ երկու օր առաջ հուլիսի 17-ից նավաստիներին հսկող զինված ուժերը լքել են նավը, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բենգազի նավահանգստում ազատություն ստացած ուկրաինացի նավաստիները հրաժարվում են լքել Etel նավը`աշխատավարձը չստանալու պատճառով: Օգոստոսի 29-ին ուկրաինացի նավաստիներն ազատվել էին` լիբիացիներին մեքենաներով բեռնված նավը վերադարձնելուց հետո:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Բենգազիում զինված մարդիկ զավթել էին Etel նավը` ուկրաինացի 19 նավաստիներով: Լիբիացիները նավը զավթել էին նավի սեփականատիրոջ հետ ունեցած վեճի պատճառով, որին պատկանում է Ֆայինա նավը: Այդ նավով տեղափոխում էին  650 մեքենա, որոնց համար լիբիացի գործարարներն իբր վճարել էին: Հորդանանից Լիբիա բեռը տեղափոխելու փոխարեն մեքենաներով նավը բեռվաթափվել էր Իլյիչեւսկում: Պատանդներին ազատ արձակելու համար մեքենաներով բեռնանավը Լիբիա էր ժամանել օգոստոսի վերջին: