Կրթության պետական ծախսերը 2013 թ. Հայաստանում նախատեսվել են 102,8 մլրդ դրամ կամ մոտ 260 մլն դոլար, որի մեծ մասը կամ 67 մլրդ դրամը նախատեսված է հանրակրթական համակարգի համար:
Հանրակրթության համակարգում գործում է 1366 դպրոց 359.7 հազար աշակերտով: Աշակերտների թիվը նախորդ տարիների համերատ նվազել է, օրինակ՝ 2012 թ. համեմատ՝ 12.7 հազարով; Մեկ աշակերտի տարեկան փաստացի միջին ծախսը կազմում է 186 հազ. դրամ:
Դպրոցներում կան 25 հազ. մանկավարժի դրույքներ (իրականում մանկավարժների թիվն ավելի շատ է, քանի որ 1 դրույքի վրա երբեմն աշխատում են 2 մանկավարժ): Մանկավարժի միջին ամսական աշխատավարձը կազմում է 145 հազ. դրամ:
Այս ամենը պաշտոնական վիճակագրությունն է: Սակայն կա նաեւ ոչ պաշտոնականը, ըստ որի՝ ծնողները եւս զգալի միջոցներ են ծախսում երեխային նորմալ կրթություն ապահովելու համար: Ընդ որում՝ որքան բարձր դասարանում է երեխան, այնքան ծախսերը մեծ են:
Գրենական պիտույքները, ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարի նախորդ տարվա համեմատ թանկացել են 3,8%-ով՝ յուրաքանչյուր երեխայի «սեպտեմբերի 1-ը» ծնողի վրա արժենում է միջինը 100 դոլար: 15-20 հազ. դրամ արժե միայն հագուստի ծախսը (կոշիկ, տաբատ եւ վերնաշապիկ), 5-10 հազ. դրամ է անհրաժեշտ գրենական պիտույքների համար: Իհարկե՝ սա պայմանական հաշվարկ է, քանի որ կոշիկ կարելի է գնել եւ 2 հազ. դրամով, եւ 10 հազ. դրամով, սակայն 2 հազարանոց կոշիկները պետք է ամիսը մեկ փոխել: Նշենք, որ աշակերտական տետրերի գները նախորդ տարվա համեմատ չեն փոխվել՝ 12 էջանի տետրն արժե 30 դրամ, իսկ մյուսները սկսում են 150 դրամից: Երեխաների մի մասը կարիք ունի պայուսակների, իսկ դրանց գները սկսում են 5 հազ. դրամից, իսկ «նորմալները» մոտ 10-12 հազ. դրամ են:
Ավագ դպրոցների մի մասը դարձել է վճարովի, ընդ որում՝ դրանց գները բավական բարձր են: «Այբ» կրթական կենտրոնի գները գերազանցում են նույնիսկ բուհական վարձավճարներին; Նրանք, ովքեր նախընտրում են անվճար դպրոցները, հաճախ զգալի գումարներ են ծախսում կրկնուսույցների համար՝ 1 առարկայի գծով դա կազմում է 500-1000 դոլար: Ընդհանրապես՝ ավագ դպրոցի փնտրտուքը ծնողների համար իսկական գլխացավանք է:
Եթե ընդհանրացնելու լինենք՝ հանրակրթական նպատակներով պետության ծախսած 260 մլն դոլարին պետք է ավելացնել այդքան էլ ծնողական ծախսը:
Պատրաստեց՝ Սամվել Ավագյան




























