Ադրբեջանում նախագահի թեկնածուների թիվը հասել է 21-ի: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ անցնող շաբաթ ԿԸՀ-ն հաստատել է Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սարդար Ջալալօղլուի թեկնածությունը: Նրանից բացի նաեւ երկու ինքնառաջադրվողներ են հաստատվել՝ Ռաուֆ Գուլիեւը եւ Հիդայաթ Ռուստամբեյլին:

Հիշեցնենք, ԿԸՀ-ն հրաժարվել էր գրանցել ընդդիմադիր թեկնածու, կինոռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովին:

Հիմնական թեկնածուն գործող նախագահ Իլհամ Ալիեւն է: Հեյդար Ալիեւի ժառանգը նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2003թ.-ից: Ըստ Ադրբեջանի փոփոխված Սահմանադրության`  միեւնույն մարդը կարող է անսահմանափակ անգամ վերընտրվել նախագահի պաշտոնում:  Ակնհայտ է, որ տվյալ փոփոխությունը ներմուծվել էր հատուկ Ալիեւ կրտսերի համար: 

Ընտրությունների նախօրեին Ադրբեջանի իշխանությունները փորձել են հնարավորինս չեզոքացնել միջազգային դիտորդներին` կրճատելով Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի իրավասությունները: ԵԱՀԿ-ն քաղաքավարությամբ համաձայնել էր դրան:

Ադրբեջանի նախագահական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 9-ին: